
Հայաստանում գործարկվում է VIA Fund-ը, որը նախատեսված է սոցիալական ձեռներեցների համար։ Այն առաջին սոցիալական ազդեցության ներդրումային ֆոնդն է Հայաստանում։
Դեկտեմբերի 14-ին Իմփաքթ Հաբ Երևանը ազդարարեց Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացման համար նախատեսված առաջին սոցիալական ազդեցության ներդրումային ֆոնդի (VIA Fund) գործունեության պաշտոնական մեկնարկը:
Հաշվի առնելով ՍՁ ոլորտային առանձնահատկություններն ու կարևորելով ներդրողների հետ աշխատանքը՝ ֆոնդը կխթանի այս ոլորտում ներդրումների հոսքերն ու կդառնա կապող օղակ սոցիալական ձեռներեցների և ներդրողների միջև։
Ֆոնդից ներդրումներ ներգրավել կարող են հիմնականում կայուն շարժ ունեցող այն սոցիալական ձեռնարկությունները, որոնք ունեն ձեռնարկատիրական մոդելի և սոցիալական ազդեցության ընդլայնման կենսունակ գաղափարներ: Արդյունքում ֆոնդի գործունեությունը կնպաստի ՍՁ համայնքի կայունությանը՝ մեծացնելով ձեռնարկությունների գրավչությունը նոր ներդրումների համար՝ ամրապնդելով ֆինանսական անկախությունն ու թուլացնելով կախվածությունը դրամաշնորհային ծրագրերից:
Բացման պաշտոնական արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ն.Գ. Անդրեա Վիկտորինը, Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիայի Շուկայի զարգացման ղեկավար Էվա Կոնչալը և Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ն․Գ․ Անդրեա Վիկտորինը նշեց․ «Սոցիալական ձեռներեցությունը բիզնես է՝ ստեղծված և նախատեսված սոցիալական խնդիրների լուծման համար։ Կարևոր է, որ սոցիալական բիզնեսը ֆինանսապես ինքնաբավ լինի, սոցիալական խնդիրները լուծի բիզնես մոտեցումների միջոցով և ունենա սոցիալական ազդեցություն, հակառակ դեպքում դա կդիտարկվի որպես օգնություն։
Ես կոչ եմ անում Սփյուռքի և Հայաստանի ներդրողներին միանալու այս ֆոնդին և նպաստելու ոլորտի զարգացմանը․ Հայաստանն արժանի է և ունի դրա կարիքը»։
Ֆոնդը ստեղծվել է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիայի կողմից Արևելյան գործընկերության երկրներում։
Ֆոնդը Եվրոպական Միությունից արդեն իսկ ստացել է առաջին ներդրումը՝ 300.000 եվրո, ևս 1.2 մլն եվրո անհրաժեշտ կլինի ներգրավել առաջին 5 տարվա ծրագրի իրականացման համար: Շնորհիվ Եվրոպական միության և ֆոնդի առաջին ներդրողների՝ Վիթ Ֆեմիլի Հիմնադրամ և ԴՈՆՈՍ Քոնսեյլ, ինչպես նաև ապագա ներդրող և աջակից՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ, VIA Fund-ն այս պահին ունի 380.000 ԱՄՆ դոլար իր նախանշած նպատակակետից։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը բացման խոսքում նշեց․ «Բացի բանկերից, Հայաստանում ֆինանսական որևէ այլ զարգացած ենթակառուցվածք չունենք։ Մենք հույս ունենք, որ VIA Fund–ը կկարողանա նոր նշաձող սահմանել մասնավոր ներդրումային ֆոնդերի մակարդակում։ Դա առաջին թիրախն է, և երկրորդը, բնականաբար, սոցիալական խնդիրների լուծումն է»։
Ֆոնդն առաջիկա երկու տարիների ընթացքում տրամադրելու է անտոկոս փոխառություն և դրամաշնորհ համադրությամբ ֆինանսավորում, իսկ երրորդ տարվանից անցում է կատարվելու ներդրումների առավել դասական գործիքակազմի։
«Ներդրումային ֆոնդը նորություն է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Հայաստանում VIA Fund–ը ձևավորվում է, որպեսզի ներդրումներ իրականացվեն այն սոցիալական ձեռներեցների գործունեության մեջ, որոնք վերջին 1-2 տարվա ընթացքում ապացուցել են, որ կարողանում են ձեռնարկատիրական ուժեղ և հստակ մոդել ունենալ, աճելու և զարգանալու պոտենցիալ ունեն»,- ասաց Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։
VIA Fund-ն աջակցելու է սոցիալական ձեռնարկություններին իրենց նպատակների իրագործման և սոցիալական ազդեցության բարձրացման գործում՝ ներդրումների միջազգային մշակույթն ու փորձը բերելով հայաստանյան ՍՁ էկոհամակարգ:

